ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Մենք՝ գյուղում ապրող կանայք, կարծես թե արթնացանք»…

12/04/2014
 
womennet.am
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, օրերս մամլո ասուլիս էին կազմակերպել Ախթալա քաղաքում:

ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրեց ԶԼՄ ներկայացուցիչներին ծրագրի նպատակները, բաղադրիչներն ու ընթացիկ ձեռքբերումները:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը իրականացվում է Լոռու մարզում, այն մեկնարկել է 2013-ին և կտևի մինչև 2016թ. ապրիլ ամիսը: Ծրագրի նպատակն է` նպաստել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացմանը և դրանով հանդերձ նպաստել նաև համայնքների զարգացմանը»,– ասաց Լիլիթ Ասատրյանը:

Նրա ներկայացմամբ, «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն ունի մի քանի բաղադրիչներ: Դրանցից առաջինը համայնքների տեղական տնտեսական զարգացման բաղադրիչն է, որի շրջանակում փորձ է կատարվել համայնքներում վեր հանել մրցակցային առավելությունները, իրականացնել համայնքների տնտեսական, սոցիալական ախտորոշումը, փորձել հասկանալ, թե համայնքը ինչ հնարավորություն ունի զարգանալու և դրա հետ մեկտեղ այսօր ինչ հիմնախնդիրներ ունի: Ծրագրի այս բաղադրիչի իրականացման համար ՀԵԿԱ-ն որդեգրել է համախմբային (կլաստերային) մոտեցումը: Այն հնարավորություն է ընձեռում դիտարկել համայնքը ոչ թե որպես առանձին օղակ, այլ հարակից համայնքների զարգացման համատեքստում: «Այս պահին մենք ունենք 25 համայնք, որոնք ընդգրկված են ընդամենը երեք տեղական տնտեսական զարգացման ծրագրի մեջ»,– ասաց նա:

Հաջորդ բաղադրիչը` կանանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանն է ուղղված, այն ձեռներեցության դասընթացներ է ենթադրում: Այդ դասընթացներում ներգրավված կանայք սովորում են բիզնես ծրագրեր մշակել ու ներկայացնել, ինչից հետո հնարավորություն են ունենում դրամաշնորհ ստանալ դրանք իրագործելու համար:

Այս պահին ձեռներեցության դասընթացին մասնակցում են Լոռու մարզի Ախթալայի համախմբի` Ախթալա, Շամլուղ, Թեղուտ, Մեծ Այրում համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Դասընթացն անցկացվում է CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով և կտևի մեկ ամիս: Մենք զրուցեցինք դասընթացների մասնակից մի քանի կանանց հետ: Նրանք բոլորն էլ գոհ էին ծրագրին իրենց մասնակցությունից և շնորհակալ էին կազմակերպիչներին.

«Երեք անչափահաս երեխաների մայր եմ, շրջապատում թերահավատորեն էին մոտենում այս ամենին, հաճախ ասելով՝ «զահլեդ չունեմ, երեք երեխաները թողած ինչի հետևից ես ընկնում, կտեսնես ոչինչ չի լինի»: Սկզբում ես էլ էի թերահավատորեն մոտենում ծրագրին մտածում էի ինչ -ինչ, բայց ինձ «երգչուհի» հնարավոր չի դարձնել, բայց երբ ծրագիրը մեկնարկեց, ընթացքում արդեն շոշափելի էին դրական արդյունքները, ու ես հասկացա, որ համայնքում իսկապես հնարավոր է տնտեսական վերելք ունենալ: Շնորհակալ եմ ՀԵԿԱ-ին և ծրագրի մյուս գործընկերներին», – ասում է Ասպրամ Ամիրջանյանը Շնող համայնքից:

«Ծրագրի մուտքը Ախթալա ինձ համար մեծ ուրախություն էր: Լավ ապագա եմ տեսնում ծրագրի շրջանակում, համոզված եմ, որ անպայման մեր համայնքը կզարգանա: Մասնակցելով այս դասընթացներին, մեծ գրագիտություն և տեսական գիտելիքներ եմ ձեռք բերել, որոնք շուտով կկիրառեմ նաև գործնականում: Այժմ ունեմ իմ բիզնես ծրագիրը՝ ակնկալիքներով, հստակ ձևակերպված հեռանկարներով»,– ասում է Արմենուհի Աղաբաբյանը Ախթալայից:

«Ծրագիրը իր դրական ազդեցությունն ունեցավ այն առումով, որ մենք՝ գյուղում ապրող կանայք, կարծես թե արթնացանք, հասկացանք, որ տնային գործերից բացի կարելի է զբաղվել մեկ այլ աշխատանքով, որը կարող է դարձնել կնոջը առավել կրթված և միաժամանակ լրացուցիչ եկամուտ բերի ընտանիքին: Այս պահին ծրագիրն արդեն իսկ շատ մեծ արդյունք տվեց, քանի որ դասընթացի ընթացքում ծնվեցին այնպիսի գաղափարներ, որոնք հետագայում տնտեսության զարգացման հիմք կարող են դառնալ: Սա մեզ հնարավորություն կտա ոտքի կանգնել և զարգացնել մեր համայնքի տնտեսությունը»,– ասում է Վարդուհի Դելիկյանը գ. Թեղուտից:

Նշենք, որ ՀԵԿԱ-ն այս տարի նշում է իր գործունեության 10-ամյակը: Այդ տարիների ընթացքում կազմակերպությունը կյանքի է կոչել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված կանանց ինքնագնահատականի բարձրացմանը, նրանց հնարավորությունների ընդլայնմանը, ընտանիքների տնտեսական կայունացմանը և գործարար կնոջ կերպարի քարոզմանը:

Լիանա Սարգսյան

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում