ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կանանց անվան տակ գրանցված ձեռնարկությունների իրական տերերը տղամարդիկ են

20/02/2012
Mardik.am
Հայաստանում կանանց ներգրավվածությունը բոլոր ոլորտներում շատ ցածր է: Պատճառը ոչ միայն այն է, որ կանանց վրա է հիմնականում ծանրանում ընտանեկան հոգսը, այլև այն, որ Հայաստանում առկա է տղամարդկանց հասարակություն, որը չի հանդուրժում կնոջ ակտիվ դերակատարությունը:

Մինչդեռ տնտեսական, մշակութային, քաղաքացիական և քաղաքական ասպարեզներում կինը շատ անելիք ունի, և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) մի շարք ծրագրեր է իրականացնում կանանց մասնակցությունը տարբեր ոլորտներում խթանելու ուղղությամբ:

Ինչպես նշեց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, կանանց տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով ՀԵԱԿ-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացնում է «Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում» ծրագիրը: Այն նախատեսված է տարբեր մարզերում բնակվող կանանց համար առանց տարիքային սահմանափակումների: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել հանրապետության կին ձեռներեցների ընդհանուր ցանց, «Կանայք ձեռներեցության մեջ» հայկական կայք, անցկացվում է «Սննդի ոլորտի կին հերոս» մրցույթը, որի մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 8-ին:

Պատասխանելով mardik.am-ի հարցին, Ասատրյանը բացառեց մրցույթում հայտնի կին-ֆերմեր Ռոզա Ծառուկյանի հաղթանակի հնարավորությունը: Նա պարզաբանեց, որ մրցույթն անցկացվում է միջին և մանր ոլորտում գործող կանանց միջև, և հաղթող կարող է ճանաչվել անգամ պաշտոնապես գրանցում չունեցող կին ձեռներեցը:

Անդրադառնալով տնտեսության ոլորտում կանանց մասնակցության վիճակագրությանը, Ասատրյանը նշեց, որ հաճախ այն չի ներկայացնում իրական պատկերը: 2009 թ. կազմակերպության անցկացված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ կանանց անվամբ գրանցված ձեռնարկություններն իրականում պատկանում են տղամարդկանց:

Աղբյուր

Հոդվածի ռուսերեն տարբերակը հասանելի է այստեղ:
Share |

Կարդացեք այս բաժնում