Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ ) նախաձեռնությամբ և Օքսֆամ–Հայաստան կազմակերպության աջակցությամբ անց է կացվում «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթը: Այն միջոց է բացահայտելու գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և հաջողության հասած ձեռներեց կանանց և ներկայացնելու նրանց դրական փորձը հանրությանը:
Այս անգամ ևս «Կոնգրես» հյուրանցի սրահում հատուկ տաղավարներ էին բացվել, որտեղ մրցույթի հին ու նոր մասնակիցները ներկայացրել էին իրենց արտադրանքը: Տիկին Վերան Օշականից բերել էր իր համեղ չրերն ու հատուկ պոմիդորի աղցանը, Ազատեկի կանայք պահածոներ ու մուրաբաներ, հյուրեր կային նաև Գոմքի, Եղեգիսի, Հերմոնի և Հայաստանի այլ մարզերից ու համայնքներից :
-Այս մրցանակաբաշխությունը իսկապես դառնում է ավանդույթ, և մենք կարծում ենք, որ գյուղի կանայք առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն: Աշխարհում գյուղատնտեսության ոլորտում պարենամթերքի 2/3-րդը արտադրվում է կնոջ կողմից, բայց և այնպես, նրանց միայն 20-30 %-ն է, որ հողի սեփականության իրավունք ունի: Գյուղատնտեսությունը ապրուստի միջոց է գյուղաբնակ կանանց 86%-ի համար: Հայաստանում աշխատուժի 40%-ը զբաղված է գյուղատնտեսությամբ, որի 50%-ը կանայք են, բայց այդ կանանց կեսը աղքատության մեջ է, – նշեց Օքսֆամ –Հայաստան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, նշելով, որ միջոցառումը նպատակ ունի հերթական անգամ ընդգծել կնոջ դերը երկրի գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև պատշաճ ուշադրություն ապահովել կանանց նկատմամբ:
Այս տարի «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս»-ները 4-ն էին ՝ Լաուրա Քոչարյան՝ Արարատի մարզ, գյուղ Նիզամի, Նունե Ավագյան՝ Վայոց ձորի մարզ, գյուղ Գոմք, Թամարա Գևորգյան Սյունիքի մարզ, գյուղ Շամբ և Սիրանուշ Խաչատրյան՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Չկալովկա: Եվս 10 մասնակցի և 6 գյուղատնտեսական կոոպերատիվի հանձնվեցին խրախուսական մրցանակներ:
Ինչպես իր խոսքում նշեց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը, այս տարի հատուկ մրցանակներ էին սահմանվել և այն հանրային թղթակիցների համար, որոնց շնորհիվ և հասարկությանը ճանաչելի են դարձել կին հերոսներին: Իսկ հաղթողներին որոշելու հարցում կարևոր է եղել ոչ միայն ժյուրիի կարծիքը, այլև այս տարվա նորամուծությունը՝ Ֆեյսբուքյան քվեարկությունը:
-Սոցիալական ցանցի հատուկ էջում տեղադրված են եղել բոլոր պատմությունները և յուրաքանչյուր ոք հնարավորություն է ունեցել քվեարկելու այս կամ այն կնոջ օգտին,- նշեց Լիլիթ Ասատրյանը:
Նրա խոսքով ՝ վերջին տարիներին որոշակի դրական տեղաշարժ է նկատվում, կանայք արդեն տեսնում են իրենց հնարավորությունները ոչ միայն հասարակական կյանքում մասնակցության ունենալու, այլև ձեռներեցությամբ զբաղվելու առումով:
-Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե կանայք միայն պետք է զբաղվեն տնային գործերով, երեխաների դաստիարակությամբ: Դա թյուր կարծիք է, քանի որ կանայք իրենց էությամբ շատ ավելի ճկուն են, շատ ավելի ըմբռնող են, փոփոխություններին շատ արագ կարողանում են արձագանքել, ուստի նրանք պետք է իրենց ռեսուրսներն օգտագործեն բոլոր ոլորտներում, – ասաց Լիլիթ Ասատրյանը:
Օքսֆամ-Հայաստան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի բնորոշմամբ՝ կանանց ներուժը Հայստանում մեծ է և որակյալ, նրանց գերակշիռ մասն ունի բարձրագույն կրթություն, և ժամանակն է օգտագործել այդ ուժը, ուղղորդել այն երկրի կայացմանը:
-Ես անկեղծ ուրախացա, երբ իմացա, որ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀՀ օրենքի նախագիծը: Կարծում եմ, որ շուտով այն երրորդ ընթերցմամբ վերջնական կընդունվի և կյանքի կկոչվի՝ հնարավորություններ ընձեռնելով օրենսդրորեն պաշտպանելու կանանց իրավունքները, ինչպես նաև վերացնելու գենդերային անհավասարությունը»,- նշեց Մարգարիտա Հակոբյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը իր հերթին կարևորելով գյուղատնտեսության ոլորտում ընդգրկված բազմաթիվ կանանց դերը, նրանց հսկայական վաստակն ու ներդրումը սննդի, գյուղմթերքների արտադրության մեջ, նշեց, որ մրցանակաբաշխությունը նաև գրավական է նրանց աշխատանքներն ըստ արժանավույն գնահատելու համար: Ռ. Մակարյանը համոզմունք հայտնեց, որ օրվա նախաձեռնությունը նույնպես նպաստավոր գործոն կլինի, ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ գյուղատնտեսության հետագա զարգացման համար:
Փոխնախարարը հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է օգնել հանրապետությունում գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող կին ձեռներեցներին, որպեսզի նրանք կարողանան իրենց արտադրանքն արտահանել արտերկիր:
Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող ֆիլմի, ֆոտոցուցահանդեսի և գրքույկի շնորհանդեսով, ինչպես նաև` մրցույթին մասնակցող մարզերից ժամանած կանանց կողմից արտադրված գյուղմթերքների ցուցահանդեսով: Միջոցառման շրջանակներում ներկայացվեց նաև մրցույթի մասնակիցների կողմից պատրաստված ևս մեկ գրքույկ, որում ամփոփված են Հայաստանի տարբեր մարզերին բնորոշ ուտեստների բաղադրատոմսեր:
Լիլիթ Քոչինյան
Մերի Մարգարյան
Լուսանկարները՝
Լիլիան Գալստյանի, Լիլիթ Քոչարյանի
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն