ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքում ընթացող ձեռներեցության դասընթացի շրջանակներում կայացավ դասընթացի մասնակիցների կողմից մշակված բիզնես պլանների ներկայացումը: Ձեռներեցության դասընթացը կազմակերպվել էր «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ձեռներեցության դասընթացին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Շնող, Թեղուտ, Ճոճկան համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Ձեռներեցության դասընթացին մասնակցած և այն հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Դասընթացն անցկացվում էր CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով: Դասընթացը տևեց մեկ ամիս, որն իր մեջ ներառում էր բուն դասընթացներ, խորհրդատվություն, բիզնես ծրագրի մշակում և ներկայացում: Ձեռներեցության դասընթացների նպատակն էր` նպաստել ՀՀ Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:
Նախապես մշակված չափորոշիչների հիման վրա կընտրվեն լավագույն գործարար ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն ՀԵԿԱ-ի կողմից:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ձեռներեցության` ընդհանուր թվով 16 դասընթաց կկազմակերպվեն նաև ՀՀ Լոռու մարզի այլ համայնքներում:
Ստորև ներկայացված են Շնողի համախմբի ձեռներեցության դասընթացի մասնակիցների կարծիքները.
«Բավականին հետաքրքիր դասընթաց էր: Օգնեց իմ մեջ բացահայտել նոր որակներ, որոնք մինչ այդ «քնած էին»: Դարձա ավելի ինքնուրույն, ինքնավստահ: Մասնակից կանանց օգնեց ինքնադրսևորվել: Շա՜տ մեծ բավականություն ստացա: Եթե հավատն ու հետաքրքրությունը չլիներ, այսքան ժամանակ չէի ծախսի. նպատակին ծախսած ժամանակ...
Շնորհակալություն, որ մեր կողքին եք»: Ասպրամ Ամիրջանյան, գ. Շնող
«Շնորհակալություն ծրագրի նախաձեռնողներին, դասընթացավարներին, ովքեր շատ բարձրակարգ մասնագետներ են: Նրանք իմ մեջ բացահայտեցին այն ամենը, ինչին ես մոտենում էի կասկածամտորեն, նրանց շնորհիվ դարձա ավելի ինքնավստահ, ավելի հեռատես և վերջապես ինքնուրույն իմ գաղափարների մեջ: Ծրագիրը նպաստեց առանց վախենալու սկսել գործ, որը կարող է դառնալ եկամտի աղբյուր, լինել անհատ ձեռներեց:
Շնորհակալություն բոլորին»: Վարդուհի Դելիկյան, գ. Թեղուտ
«Շնորհակալություն Ձեզ այսպիսի հրաշալի դասընթացներ կազմակերպելու համար, Դուք զինում եք մեզ գիտելիքների մեծ պաշարով և ամենակարևորը` ոգեշնչում կանանց կյանքի կոչելու իրենց գաղափարները: Շնորհակալություն: Բարին ընդ Ձեզ»: Մարինե Փարսադանյան, գ. Շնող
«Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի բոլոր կազմակերպիչներին: Ձեր շնորհիվ ինձ նորից զգացի լիարժեք մարդ, զգացի, որ ամեն ինչ դեռ չի վերջացել:
Ձեզ տեսնենք, հայ կանայք»: Օվսաննա Լորսաբյան, գ. Ճոճկան
«Երբեք ուշ չէ սովորելու համար, գիտելիքը կարևորում եմ մարդու կյանքում: Շնորհակալություն հետաքրքիր դասընթացի համար»: Ռայա Մելքոնյան, գ. Թեղուտ
«Շատ հետաքրքիր դասընթաց էր` շնորհիվ մեր դասընթացավարների: Ես շնորհակալություն եմ հայտնում նաև ծրագրի կազմակերպիչներին, ես դարձա ավելի ինքնավստահ ու համարձակ»: Ռուզան Բաբայան, գ. Շնող
2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլն է:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն