ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Լիլիթ Չիթչյան. Մարդիկ պետք է արժեւորեն սեփական ձայնը եւ գնան ընտրությունների

04/05/2012
Մայիսի 3-ին Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը «Քվեարկենք հանուն փոփոխությունների» ծրագրի շրջանակներում Երեւանում կազմակերպեց ֆլեշ մոբ՝ «Իմ քվեն ուժ է» խորագրով:
Ցանցի երիտասարդական թեւի ներկայացուցիչները՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի անդամների հետ միասին «Իմ քվեն ուժ է, իմ ձայնը՝ որոշիչ» լուռ ուղերձ հղեցին հանրությանը՝ ուղերձ-կոչով թղթիկները ուղղակի փակցնելով անցորդների թեւերին ու պայուսակներին: Դրանով ակցիայի մասնակիցները կոչ էին անում ընտրողներին արժեւորել սեփական ձայնը եւ գնալ ընտրություններին:
Ակցիայի երկրորդ հանգրվանը մետրոյի Երիտասարդական կայանն էր, որտեղ ակցիայի երիտասարդ մասնակիցները դիմավորում էին գնացքներից դուրս եկող մարդկանց եւ իրենց ուղերձները հանձնում նրանց, ապա «Իմ քվեն ուժ է» կարգախոսը պատկերող վերնաշապիկներով երիտասարդները երթեւեկեցին շարժասանդուղքով՝ այդպիսով նորից կոչ անելով մարդկանց գնալ ընտրությունների:
Ինչպես «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի համակարգող Լիլիթ Չիթչյանը, ակցիան քաղաքականացված չէ. «Մենք որեւէ մեկին չենք սատարում, այլ ընդամենը ուզում ենք խոսել ընտրական իրավունքի մասին եւ այն մասին, թե որքան կարեւոր է, որ մարդիկ գնան ընտրություններին եւ արժեւորեն իրենց ձայնը Ազգային ժողովի գալիք ընտրություններում եւ ընդհանրապես բոլոր այլ ընտրություններում»:
Լ.Չիթչյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում սա առաջին միջոցառումն է, բայց ի լրումն դրան 27 անդամ կազմակերպությունից կազմված Ցանցի գործընկեր կազմակերպությունները /դրանց թվում են՝ «Շիրակ» հասարակական կազմակերպությունների միությունը, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն եւ «Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը/ մարզերում հանդիպում են պատգամավորության թեկնածուների հետ, նրանց փոխանցում առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտներին առնչվող ծրագրային առաջնահերթություններ՝ առաջարկելով ստորագրությամբ ամրագրել հիշյալ ոլորտների առաջնահերթ խնդիրները ԱԺ-ի քննարկման առարկա դարձնելու իրենց նախընտրական խոստումները: Լիլիթ Չիթչյանը նկատեց, որ պատգամավորության թեկնածուները մեծամասամբ իրենց նախընտրական խոստումները ստորագրում են:
Ընտրություններից հետո Ցանցի անդամ կազմակերպությունները կսկսեն ստորագրված խոստումների հիման վրա իրականացնել մոնիթորինգ՝ պարզելու, թե ինչպես են այդ խոստումները եւ ծրագրային առաջարկները ներառվել այս կամ այն կուսակցության, կամ այս կամ այն պատգամավորության թեկնածուի ծրագրում եւ ինչպես է նա առաջ մղում այդ խնդիրները Ազգային ժողովում: «Այս մոնիթորինգը կիրականացվի 5 տարվա ընթացքում, բայց առաջին արդյունքները կարող ենք ունենալ արդեն այս աշնանը, ինչպես ասում են՝ երկաթը տաք-տաք են ծեծում, եւ առաջին նստաշրջանում պիտի տեսնենք, թե որքանով են առողջապահական ու գյուղատնտեսական խնդիրները բարձրացվել եւ որքանով են դրանք առաջ մղվում, որովհետեւ գուցե մենք դրանց լուծումները շուտ չտեսնենք, բայց խնդիրների բարձրացումն իսկ արդեն շատ կարեւոր կլինի մեզ համար»,- ասաց Լ. Չիթչյանը:
Նախընտրական շրջանում գործընկեր կազմակերպությունները մարզերում կազմակերպում են ընտրողների հետ պատգամավորության թեկնածուների հանդիպումները, ինչպես նաեւ անցկացնում ընտրական իրավունքին, քվեարկության բուն գործընթացի վերաբերյալ ուսուցման ծրագրեր:
Share |

Կարդացեք այս բաժնում