ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Գյուղաբնակ հերոս կանայք եկել էին Երեւան

08/03/2013
a1plus.am
Գյուղաբնակ կանայք այսօր մարտի 8-ին երեւանցիներին զարմացրեցին իրենց արտադրանքով:

Այսօր Կոնգրես հյուրանոցում գյուղմթերքներ հնարավոր էր գնել հենց կին- արտադրողից։

«Չրերի որակի մասին եմ ուզում պատմել, շատ յուրահատուկ ձեւով է չորացվում, առանց ծծումբի, առանց շաքարի, որին արտասահմանի գնորդները շատ մեծ դեր են տալիս, առանց կորիզի է, ապակիների տակ ենք չորացնում»,- նշեց «Ձեռարվեստի վարպետաց լիգա» ընկերության հիմնադիր նախագահ Լուիզա Հովհաննիսյանը։

Գյուղում բնակվող հայ կինը մթերքների արդադրությամբ զբաղվում է անկախ այն հանգամանքից՝ մասնագիտություն ունի, թե ոչ:

Վայոց Ձորի բնակիչ Նունե Ավագյանը մասնագիտությամբ ուսուցչուհի է , Գոմք համայնքի ավագանի, սակայն հասցնում է նաեւ բերք ստանալ եւ պահածոյացնել:

«Մեր համայնքը հեռու է գտնվում շուկայից, հնարավոր չէ անընդհատ շուկա տանել, բայց փորձում ենք փոխանակության ձեւով, քաղաքից եկող մեքենաները բերում են ապրանք, փոխանակում ենք»,- ասում է Վայոց Ձորի բնակիչ Նունե Ավագյանը:

Կանայք վստահեցնում են, որ իրենք ավելի մեծ քանակով գյուղմթերք կարող են արտադրել, եթե արտահանման խնդիրը լուծվի:

«Արտադրողը պետք է դառնա սպառող, չկան մարդիկ, ովքեր կարող են զբաղվել իրացմամբ, մյուս կողմից խնդիր կա արտահանման , միատեսակ որակների»,- նշեց Վերա Գրիգորյան- Զաքարյանը։

Այսօր մարտի 8-ի առիթով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան լավագույն 4 կին արտադրողների պարգեւատրեց «Հերոս կին» կոչմամբ:

«Հայ կնոջ համար ընդհանրապես գնահատված լինելը շատ կարեւոր բան է, բայց իր էությամբ կինը այնպիսին է, որ չի սպասում, որ իրեն գնահատեն։ Կանայք ինքնամոռաց անում են իրենց գործը եւ հաջողություններ են արձանագրում գյուղատնտեսության ոլորտում»,- եզրափակեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը։

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում