ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Ախթալայում ներկայացվեց տեղական տնտեսական զարգացման մոդելը

07/03/2014
linklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Ախթալայի քաղաքապետարանում կայացավ Ախթալա քաղաքի և շրջակա Շամլուղ, Այրում և Ճոճկան համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի ներկայացումը, որը մշակվել էր «Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում» մեթոդոլոգիայով:
ՏՏԶ մոդելի ներկայացումը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Միջոցառման մասնակիցներն էին համայնքի տնտեսական զարգացման շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին համախմբի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրեր ու քայլեր, որոնք կնպաստեն այդ համայնքների տնտեսական զարգացմանը: Արդյունքները ներկայացրին ծրագրի տեղական թիմի ներկայացուցիչները և փորձագետները: Հարց ու պատասխանի ընթացքում բարձրացվեցին նաև համախմբի բնապահպանական հարցերը:
«ՏՏԶ մոդելի զարգացումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիները գծագրելու ճանապարհին: Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները: ՏՏԶ մոդելի զարգացման միջոցով, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ընդգրկված համայքները հնարավորություն կունենան անցում կատարելու սոցիալ-տնտեսական առավել բարենպաստ փուլի` միևնույն ժամանակ խրախուսելով ու խթանելով համայնքային մասնակցությունը այդ գործընթացին»,- ասաց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Share |

Կարդացեք այս բաժնում