nyut.am
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա» հասարակական կազմակերպությունն այս տարի նշում է իր գործունեության 10-ամյա հոբեյլանը: Կազմակերպության գործունեության, նպատակների, գրանցած արդյունքների և հետագա ծրագրերի մասին զրուցել ենք ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանի հետ:
- Տիկի´ն Ասատրյան, կխնդրեի՝ հակիրճ ներկայացնեիք ձեր կազմակերպության գործունեությունն ու հիմնական ուղղվածությունը:
- «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) ՀԿ-ն հիմնադրվել է 2004թ. և այս տարի նշում է իր գործունեության 10-ամյակը: ՀԵԿԱ-ի նպատակն է նպաստել ՀՀ զարգացմանը` այդ գործում ի նպաստ բերելով կանանց ներուժը: Այդ նպատակին հասնելու համար էլ մենք փորձում ենք բացահայտել կանանց կարողությունները, խթանել նրանց դերի բարձրացումը ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում, տալ նրանց ինքնադրսևորվելու հնարավորություն: ՀԵԿԱ-ի հիմնական շահառուներն են 13 տարեկանից բարձր աղջիկներն ու կանայք: Մենք շատ լուրջ կատակ ենք անում, որ բոլոր կանայք էլ միշտ երիտասարդ են, քանի որ կարևորը հոգևոր երիտասարդությունն է, երբ մարդն իրեն պիտանի է համարում իր շրջապատի և հասարակության համար:
- Երկրի զարգացմանը նպաստելու Ձեր որդեգրած սկզբունքը շատ լայն ընդգրկում ունի: Ավելի կմանրամասնե՞ք, թե կոնկրետ ինչպես եք օգտագործում կանանց ներուժը:
- Մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս հատկապես կանանց սոցիալ-տնտեսական կայունացմանը, քանի որ եթե կինն ունի սոցիալական խնդիրներ, որքան էլ ներուժ ունենա, ի զորու չէ նվիրվել հասարակության կայացման և պետականաշինության գործին: ՀԵԿԱ-ն փորձում է նպաստել կանանց շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ինչպես նաև ուղղորդում է կանանց մտածել քաղաքական մասնակցության մասին: Կանանց քաջալերում ենք իրենց մասնակցությունը բերել համայնքի կայացման գործին և իրականացնել տարբեր տիպի նախաձեռնություններ, որոնց կարիքը, ըստ նրանց, ունի տվյալ համայնքը: Մենք ցանկանում ենք կանանց, ինչպես նաև դեռահաս աղջիկներին սովորեցնել, որ ոչ ոք մեր փոխարեն չի շենացնելու մեր համայնքը, չի կառուցելու մեր երկիրը: Մենք կնոջը տեսնում ենք կին-ընտանիք-հասարակություն-պետություն շղթայի մեջ և ոչ որպես առանձին երևույթ: Իրեն ընտանիքներում կանայք շատ մեծ դերակատարություն ունեն և երբեմն անգամ իրենց ուժերից վեր շատ բաներ են անում ընտանիքը պահելու համար: Հասարակությունը ևս մեծ ընտանիք է, բայց կանայք դեռ այնքան ինքնավստահություն չունեն, որպեսզի հոգ տանեն նաև հասարակության խնդիրների մասին: Մեզ համար նաև շատ կարևոր է կինը՝ որպես մայր, և պատահական չէ, որ մեր կազմակերպության կարգախոսներից մեկը նժդեհյան այն միտքն է, որ «մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագրերը»: Ի՞նչն է պատաճառը, որ մեր հասարակության մեջ կան արատավոր երևույթներ, որովհետև բոլոր կարգազանց, մեծ և փոքր հանցանքներ գործող մարդիկ լավ մայրական դաստիարակություն չեն ստացել:
- Ի՞նչ ծրագրերի միջոցով եք հասնում Ձեր այդ նպատակների իրականացմանը:
- Գործելով ՀՀ ողջ տարածքում` ՀԵԿԱ-ն իրականացրել է 100-ից ավելի ծրագրեր, որոնք ուղղված են մասնավորապես ՀՀ համայնքների զարգացմանը, ընտանիքների տնտեսական կայունության ապահովմանը, կանանց տնտեսական մասնակցության խթանմանը, առաջնորդության զարգացմանը, համայնքային գործընթացներում կանանց ներգրավմանը, կանանց առողջության պահպանմանը, որպես պատասխանատու քաղաքացի` կանանց իրազեկման և գիտելիքների մակարդակի բարձրացմանը, հայկական մշակույթի և ավանդույթների տարածմանը: Կանանց տրամադրում ենք ինչպես հմտություններ, գիտելիքներ, այնպես էլ աջակցում ենք նրանց իրենց սեփական գործը սկսելու հարցում՝ փորձելով թեթևացնել նրանց սոցիալական հոգսերը: Մենք վաղուց ենք հանգել այն մտքին, որ միայն դասընթացները բավարար չեն հաջողության հասնելու համար. եթե մարդն ունի գիտելիքներ, բայց չունի դրանք կիրառելու հնարավորություններ, բոլոր աշխատանքներն ապարդյուն են: Մենք նախընտրում ենք կաթը տալ այդ մարդուն, ոչ թե ձուկը: Ուսումնասիրելով տվյալ համայնքի անհրաժեշտությունները՝ մենք խրախուսում ենք կանանց սկսել սեփական գործը: Այս պահին արդեն ունենք հացաթխման արտադրամաս, հյուրանոց, չրերի չորացման արտադրամաս, սառնարանային տնտեսություն, պլանավորել ենք նաև հատապտուղների պայածոյացման արտադրամաս ստեղծել: Պատկերացրե´ք, թե այս տարբեր օղակներում ինչքան կին կարող է աշխատանքի տեղավորվել:
- Ինչպե՞ս եք ընտրում Ձեր շահառուներին:
- 10 տարվա գործունեության ընթացքում ՀԵԿԱ-ն աշխատանքներ է տարել 30.000-ից ավելի մարդկանց՝ հիմնականում կանանց, բայց նաև տղամարդկանց հետ, քանի որ մենք նաև սեռերի միջև համերաշխության և ներդաշնակ հասարակության ջատագովներ ենք, իսկ ներդաշնակ հասարակություն չի կարող լինել, եթե մենք միայն մեկ կողմին ուշադրություն դարձնենք: Ես վստահ եմ, որ այսօր մենք մեր պետության մեջ չունենք մեզ անհրաժեշտ պայմանները, քանի որ չունենք հավասարություն՝ կանայք տարբեր ոլորտներում չունեն մասնակցություն: Կան նաև այնպիսի կանայք, որոնք իրենց նեղ անձնական շրջապատից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Մենք նման մարդկանց մեջ ուզում ենք արթնացնել վերոնշյալ շղթայի մի մաս լինելու գիտակցումը: Ընդհանրապես, բոլոր մարզերում ունենք շահառուների, կամավորների և անդամների մեծ բանակ:
- Ովքե՞ր կարող են դիմել ՀԵԿԱ-ին:
- Մեզ կարող են դիմել մեր երկրի բոլոր քաղաքացիները՝ անկախ սեռից, բոլոր նրանք, ովքեր պատրաստ են կամավորության, նորավարտ մասնագետներ, ովքեր աշխատանք գտնելու համար փորձառության կարիք ունեն, ինչպես նաև աշխատանք փնտրող կանայք: Ցավոք, բոլորին չէ, որ կարողանում ենք օգնել, բայց անում ենք հնարավոր ամեն բան: Մեզ դիմում են նաև այն կանայք, ովքեր հետաքրքիր մտահաղացումներ ու գաղափարներ ունեն կամ որոշակի հմտություններ ձեռք բերելու կարիք ունեն: ՀԵԿԱ-ն սոցիալական ձեռնարկությունների մի խմբակ ունի, որի շրջանակներում կանայք գործելու, ասեղնագործելու, գեղեցիկ պարագաներ պատրաստելու հմտություններ են ձեռք բերում: Մենք հետագայում օգնում ենք նրանց իրացնել իրենց արտադրանքն ու գնորդներ գտնել: Նշեցի, որ խրախուսում ենք նաև տղամարդկանց մասնակցությունը մեր ծրագրերին, քանի որ մեր գործունեության ընթացքում, ցավոք, հանդիպում ենք որոշ դեպքերի, որ կինը չի կարողանում ինքնադրսևորվել միայն այն պատճառով, որ իր շրջապատի տղամարդը թույլ չի տալիս: Նաև մեր ստեղծած ցանցերի միջոցով մեր ծրագրերի շահառուներն օգտակար են լինում միմյանց համար, լավ գործընկերներ են ձեռք բերում, արդյունքում՝ մարդն իրենց մենակ չի զգում:
- Ցանցերի մասին խոսեցիք: Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ ցանցերը:
- ՀԵԿԱ-ն հիմնել և համակարգում է ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, որը միավորում է ՀՀ-ում գործունեություն ծավալող ավելի քան 320 կին ձեռներեցների: ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, ի դեմս ՀԵԿԱ-ի, հանդիսանում է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի անդամ և նպաստում է կանանց տնտեսական զարգացմանը: Երկրորդը՝ «Աղջիկների երկիր» շարժումն է, որը միավորում է ՀՀ տարբեր մարզերում բնակվող 13-22 տարեկան 2500-ից ավելի աղջիկների՝ աշխատելով նրանց մեջ ձևավորել պատասխանատու քաղաքացիների:
- Նոր մեկնարկած ծրագերից որո՞նք կառանձնացնեք՝ որպես հիմնական և կարևոր:
- Ինչպես նշեցի, մենք գործունեություն ենք ծավալում հանրապետության բոլոր մարզերում, բայց Լոռու մարզն այս պահին ավելի ակտիվ է, և մարզի 10 գյուղական և քաղաքային համայնքներում մեր շահառուների ջանքերով հիմնել ենք Կանանց խորհուրդներ, որոնցում ընդգրկված կանայք, վեր հանելով իրենց համայնքների կարիքները, մշակում են տարբեր ծրագրեր և փորձում են իրենց ուժերի չափով, որոշ դեպքերում նաև մեր աջակցությամբ, լուծումներ տալ այդ խնդիրներին: Այդ ծրագիրը մեծ է և արդյունավետ, որին անմնացորդ նվիրված ենք: Ծրագրի արձագանքները շատ մեծ են, և այլ մարզերից ևս խնդրում են մեզ, որպեսզի նմանատիպ ծրագրեր իրականացնենք նաև իրենց մոտ: Եվ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: ՀԵԿԱ-ն նաև Վայոց Ձորի մարզի 10 գյուղական համայնքներում հիմնադրել է Երիտասարդական ռեսուրս կենտրոններ, որոնց նպատակն է նպաստել գյուղական բնակավայրերի կանանց ու երիտասարդների առօրյայի կազմակերպմանը և համայնքային որոշումների կայացման գործընթացին ներգրավմանը:
- Ինչպե՞ս եք հոգում Ձեր կազմակերպության ֆինանսական հարցերը:
- Ցավոք, մեր իրականության մեջ ՀԿ-ները չեն կարող ինքնաբավ լինել: Մեր առջև բազմաթիվ խնդիրներ և խոչընդոտներ են ծառացած, որոնցից մեկը ՀԿ-ին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չտալն է: Աշխարհի շատ երկրներում ՀԿ-ներն ունենում են այդ հնարավորությունը. փոքրիկ, կարճաժամկետ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում և հասույթն ուղղում են կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացմանը: Քանի որ մենք զրկված ենք օրենսդրական այդ հնարավորությունից, ավելի շատ դրամաշնորհներից ենք կախված: Բացի դրանից՝ ունենք անդամության վճարներ, ինչպես նաև մեզ աջակցում են մեր անհատ գործընկերներն ու սոցիալական ձեռներեցության մոդելով ստեղծված մեր փոքրիկ խմբակները՝ կատարելով փոքրիկ նվիրատվություններ:
- Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ եք պլանավորել իրականացնել:
- Մեր ծրագրերի իրականացման համար նաև այլ մեթոդներ ենք կիրառում, որոնցից է բարեգործական ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը: Առաջիկա նմանատիպ տոնավաճառը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և 14-ին Երևանի քաղաքապետարանի շենքում՝ նվիրված Ամանորին և Սուրբ ծննդին: Սա լավ հնարավորություն կտա այցելուներին գեղեցիկ և օրիգինալ նվերենր ձեռք բերել իրենց հարազատների համար: Սա օգնում է կին և ոչ միայն կին արտադրողներին շուկաներ գտնել իրենց ապրանքների իրացման համար: Նմանատիպ բարեգործական բնույթի տոնավաճառներ կազմակերպում ենք տարեկան առնվազն երեք անգամ՝ նվիրված կանանց միամսյակին, Ամանորին և Հայաստանի անկախությանը: Տոնավաճառներ անցկացրել ենք նաև Երևանից դուրս: Ֆոնդահայթհայթման մեկ այլ ծրագիր՝ բարեգործական ընթրիք կիրականացնենք նոյեմբերի 28-ին՝ Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, ժամը 18:30-ին: Միջոցառման նպատակը մեր 10-ամյա գործունեության ամփոփումն է, ինչպես նաև դրամական հանգանակություն հավաքելը, որը կուղղվի մարզերում բնակվող և կարիքի մեջ գտնվող կանանց ու նրանց ընտանիքներին աջակցության ձեռք մեկնելուն:
Հարցազրույցը՝ Անի Ռափյանի
ԱՂԲՅՈՒՐ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն