ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ն` Խորովածի 6-րդ համահայկական փառատոնին

06/09/2014
Ախթալայում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) մասնակցությամբ և աջակցությամբ տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Խորովածի 6-րդ համահայկական փառատոնը:
Փառատոնին մասնակցում էին ոչ միայն հայկական ռեստորաններ, այլև թիմեր Վրաստանից, ՀՀ Պաշտպանության նախարարության թիմը, Վանաձորի մանկատան և հատուկ դպրոցների սաների թիմը և այլն:
Հաղթողներն ընտրվեցին «Լավագույն համ», «Լավագույն գաղափար», «Լավագույն արտաքին տեսք», «Հանդիսատեսի համակրանք», «Լավագույն տաղավար» և այլ անվանակարգերում: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան պատվոգրի և մրցանակի արժանացավ «Բարեհամբույր թիմ» անվանակարգում:
«Ժիրայր Ասատրյան հիշատակի հիմնադրամի» և ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանի կողմից Ժիրայր Ասատրյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ ՀՀ Պաշտպանության նախարարության թիմը:

Փառատոնն ուղեկցվեց ՀՀ Պաշտպանության նախարարության նվագախմբի, The Beautified Project ռոք-խմբի կատարումներով, ազգային երգ ու երաժշտությամբ և պարային խմբերի ելույթներով:

Խորովածի համահայկական փառատոնն անցկացվում է 2009 թվականից: Փառատոնի գաղափարի ստեղծման և կյանքի կոչման գործում իր ուրույն դերն է ունեցել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Փառատոնը նպատակ է հետապնդում նպաստել միջազգային ու ներքին զբոսաշրջության շուկայում Հայաստանի և Ախթալա համայնքի՝ որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջավայրի նկարագրի ձևավորմանը, նպաստել հայկական ավանդույթների և մշակույթի պահպանությանն ու զարգացմանը՝ մասսայականացնելով և միջազգայնորեն ճանաչելի դարձնելով հայկական ավանդական ուտեստները, այդ թվում՝ խորովածի զանազան տեսակները:
Share |

Կարդացեք այս բաժնում